ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Բարսելոնի» մենահամերգը Մադրիդում

«Բարսելոնի» մենահամերգը Մադրիդում
24.11.2015 | 11:52

Եղա՜վ: Այդքան երկար սպասված տոնը եղավ, ու բնավ էլ կապ չունի, որ ոմանց նախընտրելին գլխահակ լքեց մարզադաշտը, ու մյուսների նախընտրելին նորից ու նորից հմայեց իր կատարելությամբ: Խնդիրը բնավ էլ գրանցված հաշվի թվային արտահայտությունը չէ: Եթե սոսկ դա ենք ունենալու կողմնորոշիչ, այս դեպքում ի՞նչ տարբերություն թվերի մեջ պարզապես թիվ տեսնող, դիցուք, շարքային հաշվետարի ու այդ թվերի մեջ պոեզիա, տիեզերական համանվագ տեսնող ու լսող մաթեմատիկոսի միջև:

ԻՍՊԱՆԻԱ
Իսկ բանն այսպես եղավ: Էլ կլասիկոյի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ «Բարսելոնին» ընդունելու ծանրագույն փորձությունն ունեցավ ու ամենայն հավանականությամբ ներքուստ ցնծում էր, որ այն լինելու է առանց Մեսիի, մանավանդ որ հաջող զարգացումների դեպքում միավորներով կհավասարվեր կապտանռնագույններին:
Ասում եք՝ Նեյմար ու Սուարե՞ս: Բանն այն է, որ արքայականի ընկալմամբ նրանք նույնիսկ կես Մեսի չեն, թեև սույնն ակնհայտ մեծամտությամբ տառապողի կամ մանկության ոլորաններում անդարձ խճճված-մնացածի պատկերացում է:
Թե ի՞նչ արեցին Նեյմարն ու Սուարեսը (վերջինս՝ երկու անգամ), նրանց գումարված Ինիեստան ու առհասարակ բարսելոնյան ողջ համույթը, ես չեմ մանրամասնի, որովհետև ոչ գրչի, ոչ էլ մտքի պահանջված խոլական զորություն չունեմ, ուստի ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ օգտվել ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորությունից, իսկ եթե այդ էլ չունեք, ընկեք դռնեդուռ, փողոցից փողոց ու, ովքեր տեսել են խաղը, անթաքույց խանդով նրանց աչքերը համբուրեք:
Դառնալով վնասվածքի պատճառով ավելի քան ամիսուկես բացակայած Լեո Մեսիին՝ ասենք, որ արքան խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստացավ, ու դա Էնրիկեի կողմից խորապես գիտակցված քայլ էր, այլապես աշխարհի չորս ծեգերում հանդիպումը դիտելու երջանկությունն ունեցած երկու-երկուսուկես միլիարդ ֆուտբոլասերը կդառնար գերանն ուսին առած մեր ազգային դյուցազներգության հանրահայտ քեռի Թորոս ու այն, ասել է թե՝ գերանը… Չմանրամասնենք: Սակայն բոլոր դեպքերում թույլ տվեք ասել, որ դա խաղ չէր: Դա ամենագեղեցիկ երազում տեսած ամենագեղեցիկ հեքիաթներից մեկն էր ու պիտի իսկապես երջանիկ լինել այս ապշեցուցիչ մարզաձևի գոյությամբ, որ կարողանում է միավորել անգամ անմիավորելիները:
Մի կողմից` «Ռեալի» կրած պարտությունը «Բարսելոնից», մյուս կողմից` «Աթլետիկոյի» հաղթանակն արտագնայում (նվազագույն հաշվով առավելության է հասել «Բետիսի» նկատմամբ), Սիմեոնեի թիմին օգնեցին 26 միավորով բարձրանալու երկրորդ հորիզոնական ու երկու միավորով շրջանցելու արքայականին:

ԱՆԳԼԻԱ
Մահվան ելքով մի քարաբաղնիս էլ գրանցվեց Անգլիո կողմերում, «Մանչեստր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ: Ինչպես սուպերկլասիկոյի պարագայում էր, այստեղ էլ տոն տվողը հյուրերն էին: Իսպանականի համեմատ թերևս միակ տարբերությունն այն էր, որ տանտերերը գոնե կարողացան հեղինակության գոլ խփել: Կլոպի սաները բարսելոնցիների պես չորս անգամ գրավեցին մանչեստրցիների դարպասն ու, ճիշտ և ճիշտ սպարտացիների պես, որոնց համար «Վահանով կամ վահանին» բանաձևումը կյանքի ու մահու խնդիր էր, վահանով վերադարձան տուն:
Պարտությունից չկարողացավ խուսափել նաև պրեմիեր լիգայի մյուս առաջատարը՝ «Արսենալը»: Նրան դառնացնողն այդ հանդիպումում տանտիրոջ կարգավիճակ ունեցկող «Վեստ Բրոմվիչն» էր՝ 2:1:
Նույն հաշիվը գրանցվեց նաև «ՈՒոտֆորդ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում: Այստեղ առավել հաջողակ էին հյուրերը: Ինչ վերաբերում է «Լեստերին», նրան այնքան է դուր եկել առաջատար եռյակում գտնվելը, որ որոշեց իրեն չզրկել այդ հաճույքից՝ արտագնայում երեք անպատասխան գնդակի տարբերությամբ առավելության հասնելով «Նյուքասլի» նկատմամբ:
Ասենք, որ այս տուրում երջանկության ուղտը չոքեց նաև «Չելսիի» դռանը: «Նորվիչի» նկատմամբ հաղթանակը նվազագույն հաշվով էր:
Պրեմիեր լիգայում տուրի արդյունքներով առաջատարը 28 միավոր ունեցող «Լեստերն» է, երկրորդ հորիզոնականում է «Մանչեստր Յունայթեդը»՝ 27 միավոր: Նրանից մեկ միավոր պակաս ունի մանչեստրյան մյուս ակումբը, ում ունեցածի չափ միավոր է գրանցված և չորրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալի» անվան դիմաց:


ԳԵՐՄԱՆԻԱ
Մինչ ի դեմս «Համբուրգի», որի հետ բացառիկ դրամատիկ ու գոլառատ պայքարում են անցնում «Բորուսիայի» խաղերը, վերջիններս կորցրին այնքան թանկ երեք միավոր՝ 1:3, «Բավարիան» հյուրընկալվելիս վաստակեց հերթական երեք միավորը (3:1 հաշվով հաղթել է «Շալկեին») ու ունեցած 37-ով ութ միավորով առաջ անցավ դորտմունդցիներից:
Շարունակում է հարվածային տեմպի մեջ մնալ «Վոլֆսբուրգը»: Գերմանական «գայլերի» ախորժակը ոնց որ թե նորից բացվել է: Համենայն դեպս «Վերդերի» նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակը շարքայիններից չես համարի: «Վոլֆսբուրգի» ակտիվում կա 24 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Էմպոլիի» հետ խաղում «Ֆիորենտինան», կարելի է ասել, հերոսացավ, սակայն թերևս ոչ մեկն էլ նրա առաջ խնդիր չէր դրել երկու գնդակ ուտել, ապա նոր անցնել տարբերության չեզոքացմանը: Համենայն դեպս ոչ-ոքին օգնեց մանուշակագույններին մնալու առաջատար եռյակում: «Վերոնայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի հասնելուց հետո 28 միավոր վաստակեց նաև «Նապոլին»: Ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, նեապոլցիները երկրորդ հորիզոնականում են: Աղյուսակը 30 միավորով գլխավորում է «Ինտերը», որը սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Ֆրոզինոնեին»:
Իտալական առաջնության 13-րդ տուրը նշանակալից մի հանդիպում էլ ուներ, թեպետ մրցակցող կողմերը շատ ու շատ են հեռու առաջատարներից: Խոսքը «Յուվենտուս»-«Միլան» դերբիի մասին է, որն իր մրցակցային նշանակությունը ոչ մի պարագայում էլ չի կորցնում նաև «ուղտը որքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ կլինի» տրամաբանությամբ: Չերկարացնենք: «Ծեր սինյորան» հաղթանակ տոնեց նվազագույն առավելությամբ՝ 1:0:

ՖՐԱՆՍԻԱ
Արդեն դժվար էլ է հիշել, թե դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում այդ որ մեկն է եղել «Պարի Սեն Ժերմենից» միավոր կորզած վերջին հանդուգնը: Չկարողացավ դա անել նաև «Լորիանը», թեպետ առաջատարից 1:2 հաշվով պարտությունը բացահայտորեն կարող է իր ակտիվում գրանցել: Երկրորդ և երրորդ տեղերը 25-ական միավորով բաժանում են «Լիոնն» ու «Կաննը»: Առաջինը հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է «Նիցցային», երկրորդը միավոր է վաստակել «Անժի» հետ գոլազուրկ հանդիպումում:
Ավարտելով նյութը՝ ասենք, որ եվրոպական առաջնությունները ներկայացնող թիմերի համար սա առաջին խաղն էր կարճատև դադարից հետո, ու նրանցից լավագույններն արդեն այսօրվանից հանդիպումներ կունենան եվրոպական ընդհանրական խաղարկություններում: Այն է՝ Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ